Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Նպաստառուից գործարար դառնալու ճանապարհին. մի կյանքի պատմություն

05.02.2023

Տիկին Հայկանուշի ընտանիքը, «Հաղթահարելով աղքատությունը» ծրագրի օգնությամբ հնարավորություն է ստացել սկսել սեփական բիզնես և դուրս գալ ընտանեկան  նպաստի համակարգից։

Ավելի քան 10 տարի է, ինչ Կարապետյանների ընտանիքը ընդգրկված է ընտանեկան նպաստների համակարգում։ Ինչպես նշում է երեք անչափահաս երեխաների մայր Տիկին Հայկանուշը. «Նպաստը բավարար էր միայն երեխաների երաժշտական դպրոցի վարձավճարի համար։ Սակայն ամենակարևոր հանգամանքն այն է, որ նպաստառուի կարգավիճակը մեզնից խլել էր աշխատանքի նկատմամբ մեծ սերն ու ձգտումը, ինչպես նաև ազատ գործելու հնարավորությունը»։

Մոտ մեկ տարի առաջ, երբ ընտանիքի անդամները Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնի սոցիալական աշխատողի կողմից առաջարկ ստացան հրաժարվել նպաստառուի կարգավիճակից և հնարավորություն ստանալ մասնակցել ձեռներեցության դասընթացներին, իսկ հետագայում հիմնել սեփական գործը, համաձայնեցին առանց վարանելու։

Ծրագրի մասնակիցների ընտրությունը տեղի է ունեցել մի քանի փուլով՝ թեստավորումից մինչև դասընթացների մասնակցություն, որին հաջորդել է բիզնես-պլանի մշակման փուլը։ Վերհիշելով այդ ամբողջ ընթացքը Տիկին Հայկանուշը նշում է. «Շատ հուզիչ և պարտավորեցնող էր, ամեն հաջորդ փուլ անցնելու լուրը ստանալիս մեր ընտանիքում մեծ ուրախություն էր և հույս, որ արդարությունն այնուամենայնիվ մեր դուռն էլ թակեց»։

Տիկին Հայկանուշի համար բիզնեսի գաղափարի ընտրությունն իր հերթին շատ բարդ չի եղել, քանի որ նա մշտապես զբաղվել և իր ընտանիքի կարիքները հոգացել է  կարուձևի միջոցով։

«Չնայած նրան, որ ամուսինս ցանկանում էր այլ բիզնես նախագիծ առաջարկել, այնուամենայնիվ, վերջնական ընտրությունը եղավ կարուձևը, քանի որ ես արդեն իսկ տիրապետում էի կարին և կարիք ունեի ավելի լավ կարի մեքենայի, ինչն էլ իր հերթին կզարգացներ և կարագացներ իմ աշխատանքը,- պատմում է Տիկին Հայկանուշը։

            Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները մասնակիցները արդեն իսկ կիրառում են իրենց բիզնեսի զարգացման համար և ոչ միայն։  Դրանք հմտություններ են, որոնք մասնակիցներին նույնիսկ իրենց առօրյան կազմակերպելու հարցում են անհրաժեշտ լինում։ Ոչ մի դասընթաց բաց չթողած Տիկին Հայկանուշը հպարտությամբ է պատմում իր արտադրանքի մասին, որի սպառողներն օրեցօր ավելանում են։

Մասնագիտությամբ մանկավարժ Տիկին Հայկանուշը ավելի երիտասարդ տարիքում երազում էր դառնալ դիզայներ, սակայն կյանքի դժվարությունները թույլ չտվեցին հասնել իր երազանքին։ Տիկին Հայկանուշը նշում է, որ այսօր ինքն ավելի մոտ է կանգնած իր երազանքին. «Իմ բիզնեսը ավելի ու ավելի պետք է զարգանա և ես աշխատում եմ նաև ձևարան ունենալու ուղղությամբ Ցանկանում եմ ընդլայնել, զարգացնել, քայլել առաջ…

Հաճախ եմ վիդեոդասերի օգնությամբ ինքնակրթվում: Եթե պատվիրատուն դիմում է ինձ՝ շորը կարել զրոյից, ես ողջ գիշեր ուսումնասիրում եմ, դիտում տեսանյութեր, կարդում կարևոր տեղեկատվություն, և շորը կարելն ինձ մոտ ստացվում է».- մեծ ոգևորությամբ հավելում է Տիկին Հայկանուշը։

Այն հարցին,  թե ետ նայելով անցած ուղուն, արդյո՞ք կրկին կկայացներ նույն որոշումը, այն է՝ դուրս գալ ընտանեկան  նպաստի համակարգից և մասնակցել ծրագրին բռնելով ձեռներեցության ուղին, արդեն իսկ նախկին նպաստառուն պատասխանում է.

-Գտել եմ այն ինչ իմն է, և շատ ուրախ եմ, որ չեմ հրաժարվել մասնակցել ծրագրին։ Բոլոր նրանց, ովքեր երկմտում են և անհանգստություն ունեն նպաստառուի կարգավիճակից զրկվելու հարցում, ուզում եմ խորհուրդ տալ, որ համարձակ գտնվեն և հասկանան, որ նպաստառուի կարգավիճակը, կարծես, ճահիճ է, որը մեզ ոչ մի առավելություն չի տալիս։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին և ծրագիրն իրականացնողներին, մեր սոցիալական աշխատողին և դասընթացավարներին, ովքեր ծրագրի ամբողջ ընթացքում իմ ընտանիքի կողքին էին և մինչ այժմ աջակցում են մեզ,- հավելեց Տիկին Հայկանուշը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով և իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

 

 

Հոդվածներ

Տեսնել ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին