Քաղաքացիների ձայնը հանուն կայուն սոցիալական պետության
14.08.2017
Որքանո՞վ են քաղաքացիները ներգրավված սոցիալական պաշտպանության ոլորտում
Որքանո՞վ են քաղաքացիները ներգրավված սոցիալական պաշտպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացում և ինչպիսի՞ խոչընդոտներ կան այդ ոլորտում քաղաքացիական մասնակցության համար։
Այս հարցերի պատասխանները Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փորձել է ստանալ հանրապետության մարզերում և ք. Երևանում իրականացված շուրջ 12 հանրային քննարկումների միջոցով, որոնց մասնակցություն են ունեցել ավելի քան 800 քաղաքացիներ։
Վերլուծելով հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրները, Ասոցիացիայի կողմից առանձնացվել են որոշ ընդհանուր եզրահանգումներ սոցիալական բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների ընկալումների և իրազեկվածության մակարդակի վերաբերյալ։
Նման հարթակի տրամադրումը թույլ տվեց քաղաքացիներին ներկայացնելու իրենց տեսակետներն ու առաջարկությունները ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես այնպիսի ոլորտների, ինչպիսիք են երեխաների խնամքի հաստատությունների վերակազմակերպումը, հաշմանդամության որոշման կարգում սոցիալական մոդելի կիրառումը, ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացումը և ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը։
Հանրային քննարկումների ընթացքում մասնակիցները կիսում էին տեսակետներ ծառայությունների սակավության, մարզերի բնակիչների համար դրանց հասանելի չլինելու, ինչպես նաև գործող սոցիալական ծառայությունների միջև համագործակցության պակասի վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն են գործում մատուցվող ծառայությունների որակի, հետևաբար նաև քաղաքացու սոցիալական հիմնախնդիրների լուծման հնարավորությունների վրա։
«Կա սովոր պրակտիկա ու դա գործում է, նոր ծառայությունները չեն կարողանում մեր երկրում գործել, մենք դեռ պատրաստ չենք դրանց»
Հատկապես, նկատելի էր քաղաքացիների շրջանում թերահավատությունը հնարավոր համակարգային փոփոխությունների վերաբերյալ։ Եվ չնայած այդ ամենին, այնուամենայնիվ, նրանք շարունակում էին հույս ունենալ, որ բարեփոխումները կբերեն ցանկալի փոփոխությունների և այդ առիթով ներկայացնում իրենց առաջարկությունները գործընթացի բարելավման ուղղությամբ։
Ելնելով վերոնշյալ եզրահանգումներից, կարելի է նշել, որ սոցիալական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը և դրանցից բխող օրենսդրական փոփոխությունները քաղաքացիներին կա՛մ հասանելի չեն, կա՛մ հասանելի են դառնում միայն ուշացած կերպով։
«Գոնե մի բրոշյուր լիներ, որ իմանայինք ի՞նչն ինչո՞ց է»
Հանրային քննարկումներն իրականացվել են Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում։
Նյութի ամբողջական վերլուծությունը կներկայացվի աշնանը կայանալիք հանրային լսմանը։