Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում

18.11.2018

Եռօրյա միջազգային համաժողովով, որը տեղի ունեցավ 2018թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը նվիրված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնադրման

Հայաստանյան սոցիալական աշխատանքի համար նոյեմբերը նշանակալի ամիս է։ Չէ՞ որ, նոյեմբեր ամսին ոչ միայն նշվում է սոցիալական աշխատողների ազգային տոնը (նոյեմբերի 4), այլև՝ սոցիալական պաշտպանության և սոցիալական ծառայությունների հիմնադրումը մեր երկրում։ Այս տարին սոցիալական պաշտպանության ոլորտի համար հոբելյանական է, քանի որ նշվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնադրման 100-րդ և սոցիալական ծառայությունների ու սոցիալական աշխատանքի հիմնադրման 25 ամյակները։

2018-ի հոբելյանական տոնակատարությունները մեկնարկեցին «Սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում. չանտեսելով ոչ ոքի» խորագիրը կրող եռօրյա միջազգային համաժողովով, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը։ Համաժողովը մեկտեղել էր սոցիալական ոլորտի տեղական և միջազգային ավելի քան 250 ներկայացուցիչների` պետական ծառայողներ, համայնքային  և տարածքային կառավարման մասնագետներ, ավելի քան 20 երկրների սոցիալական աշխատողների ասոցիացիաները ներկայացնող սոցիալական աշխատողներ, տեսաբաններ, պրակտիկներ, մասնավոր և հասարակական հատվածի ներկայացուցիչներ, երիտասարդներ և լրագրողներ, ովքեր քննարկեցին Հայաստանում սոցիալական քաղաքականության ներկան և ապագան, աղքատության կրճատման գլոբալ տեսլականանը կայուն զարգացման 2030 օրակարգում, սոցիալական քաղաքականության բազմաթիվ հարթությունները, համապարփակ մոտեցումների անհրաժեշտությունը աղքատության կրճատման գործում, հաշվետվողական և պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանքը՝ որպես կզն և սոցիալական քաղաքականության իրագործման հիմնասյուն, արդյունավետ սոցիալական աջակցության համակարգերի ներդրումը բնակչության բոլոր կարիքավոր խմբերի համար և այլն։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Համաշխարհային բանկի միացյալ ջանքերով կազմակերպված «չանտեսելով ոչ ոքի» կարգախոսը որդեգրած միջազգային համաժողովի նպատակն էր ամրապնդել ներկա սոցիալական մարտահրավերների հաղթահարման գործընթացում սոցիալական պաշտպանության կարևորությունը։ Մասնավորապես, շեշտադրելով այն հանգամանքը, որ տնտեսական զարգացումը պետք է ուղեկցվի սոցիալական պաշտպանության համակարգում փոփոխություններով։

Սոցիալական պաշտպանությանը նվիրված համաժողովի բացման խոսքում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը ողջունելով ներկաներին ասաց. «Այս տարի նշում ենք սոցիալական աշխատողի ինստիտուտի 25-ամյակը և ավելի քան կարևոր է դիտարկել սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքները, աշխատանքային պայմանները: Սոցիալական ծառայությունների և մասնագետների աստիճանական պրոֆեսիոնալիզացիան ոլորտի բարեփոխումների հիմնասյունն է»։

Համաժողովին ողջույնի խոսքով ելույթ ունեցան նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։ 

Փորձագետները մասնակցեցին տարատեսակ պլենար քննարկումների, ինչպես նաև հնարավորություն ունեցան այցելելու և տեղում ծանոթանալու ՀՀ-ում գործող սոցիալական ծառայություններին և, իհարկե, մշակութային այցերի շրջանակներում բացահայտելու Հայաստանը։

Ամփոփելով համաժողովը՝ հայ և միջազգային փորձագետները լիագումար նիստում քարտեզագրեցին ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման ճանապարհային տեսլականը։ Նրանք հեռացան տեսլականը միասնական ջանքերով իրակականություն դարձնելու ծրագրերով, պայմանավորվածություններով և հույսով։

Հոդվածներ

Տեսնել ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին