Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Բիզնես քոուչի/մենթորի ծառայությունների մատուցման մրցույթ

27.09.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է բիզնես քոուչի/մենթորի ծառայությունների մատուցման մրցույթ (Մրցույթ № 06_AASW_UNHCR_2026)՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Համայնքների հզորացում՝ տեղահանված բնակչության համապարփակ սոցիալական աջակցության և պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակում։

  1. Ներածություն

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ)՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ, իրականացնում է «Համայնքների հզորացում՝ տեղահանված բնակչության համապարփակ սոցիալական աջակցության և պաշտպանության ապահովում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում իրականացվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական կայունացմանն ուղղված ինքնազբաղվածության աջակցության բաղադրիչ, որի շրջանակում Ծրագրի շահառուները ներկա փուլում անցել են ձեռնարկատիրական կարողությունների զարգացման դասընթացներ, մշակել բիզնես պլաններ, որոնց գնահատման արդյունքում ընտրված շահառուներին նախատեսվում է տրամադրել դրամաշնորհային աջակցություն՝ սեփական բիզնես նախագծերի մեկնարկի կամ զարգացման նպատակով։

Դրամաշնորհային աջակցության տրամադրումից հետո նախատեսվում է շահառուներին տրամադրել շարունակական բիզնես քոուչինգ և մենթորական աջակցություն՝ նպաստելու բիզնես պլանների պատշաճ իրականացմանը, բիզնեսների արդյունավետ մեկնարկին և դրանց գործունեության կայունացմանը։

  1. Առաջադրանքի նպատակը

Սույն առաջադրանքի նպատակն է ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացած շահառուներին տրամադրել անհատականացված բիզնես քոուչինգ և մենթորական աջակցություն՝ բիզնես պլանի իրականացման, բիզնեսի մեկնարկի և գործունեության կազմակերպման ընթացքում։

Բիզնես քոուչը/մենթորը պետք է պարբերաբար հետևի իրեն կցված շահառուների բիզնես ծրագրերի իրականացման ընթացքին, բացահայտի իրականացման ընթացքում առաջացող խնդիրներն ու աջակցության կարիքները և տրամադրի համապատասխան գործնական խորհրդատվություն՝ սերտորեն համագործակցելով շահառուին ուղեկցող սոցիալական աշխատողի և ծրագրի թիմի հետ։

  1. Աշխատանքի շրջանակը

Բիզնես քոուչը/մենթորը պատասխանատու է իրեն կցված շահառուների հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար․

3.1. Բիզնես պլանի իրականացման աջակցություն

  • Շահառուի հետ վերանայել հաստատված բիզնես պլանը և աջակցել դրա գործնականում իրականացման հիմնական քայլերի ու հաջորդականության հստակեցմանը` ըստ անհրաժեշտության։
  • Խորհրդատվություն տրամադրել բիզնեսի մեկնարկի և գործունեության կազմակերպման հետ կապված գործնական հարցերի վերաբերյալ։
  • Աջակցել բիզնես պլանով նախատեսված գործողությունների և ծախսերի պատշաճ պլանավորմանն ու իրականացմանը։
  • Խորհրդատվություն տրամադրել բիզնես պլանով նախատեսված սարքավորումների, գործիքների, նյութերի և այլ անհրաժեշտ ռեսուրսների ձեռքբերման և օգտագործման կազմակերպման վերաբերյալ՝ հաստատված բիզնես պլանին և Բիզնես ծրագրի իրականացման համաձայնագրի պահանջներին համապատասխան։
  • Աջակցել շահառուների կողմից բիզնեսի իրականացման բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքներին՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ծրագրային պահանջներին։ 

3.2. Իրավական և վարչարարական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն

  • Խորհրդատվություն և ուղղորդում տրամադրել բիզնեսի գրանցման, գործունեության կազմակերպման, հարկային և այլ կիրառելի իրավական ու վարչարարական պահանջների վերաբերյալ։
  • Անհրաժեշտության դեպքում շահառուին ուղղորդել համապատասխան պետական մարմիններ կամ մասնագիտացված ծառայություններ՝ այն հարցերի դեպքում, որոնք պահանջում են մասնագիտական իրավական, հարկային կամ այլ նեղ մասնագիտական խորհրդատվություն։

3.3. Բիզնեսի կառավարման և զարգացման աջակցություն

  • Խորհրդատվություն տրամադրել բիզնեսի առօրյա աշխատանքների կազմակերպման, ֆինանսական պլանավորման, ծախսերի և եկամուտների կառավարման վերաբերյալ։
  • Աջակցել ապրանքների կամ ծառայությունների գնագոյացման, հաճախորդների ներգրավման և վաճառքի կազմակերպման հարցերում։
  • Խորհրդատվություն տրամադրել բիզնեսի առաջխաղացման, մարքեթինգի և համապատասխան հաղորդակցական գործիքների կիրառման վերաբերյալ։
  • Աջակցել շահառուին բիզնեսի գործունեության ընթացքում առաջացող խնդիրների և ռիսկերի բացահայտման ու հնարավոր լուծումների մշակման հարցերում։

3.4. Բիզնես պլանի իրականացման առաջընթացի մոնիթորինգ

  • Պարբերաբար հետևել հաստատված բիզնես պլանով նախատեսված գործողությունների իրականացման առաջընթացին։
  • Գնահատել բիզնեսի մեկնարկի և գործունեության ընթացքը՝ համադրելով այն հաստատված բիզնես պլանի հետ։
  • Արձանագրել բիզնես պլանի իրականացման ընթացքում առաջացած հիմնական խնդիրները, շեղումները, ռիսկերը և լրացուցիչ աջակցության կարիքները։
  • Ծրագրի թիմին ժամանակին տեղեկացնել այն խնդիրների կամ էական շեղումների մասին, որոնք կարող են վտանգել բիզնես պլանի պատշաճ իրականացումը։
  • Համապատասխան դեպքերում շահառուի հետ մշակել խնդիրների հաղթահարման և հետագա գործողությունների հստակ քայլեր։
  • Անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ խորհրդատվություն՝ բիզնեսի մեկնարկի կամ իրականացման ընթացքում առաջացող հրատապ հարցերի վերաբերյալ։

3.5. Համագործակցություն սոցիալական աշխատողի և ծրագրի թիմի հետ

  • Բիզնես քոուչը/մենթորը պետք է սերտորեն համագործակցի շահառուին ուղեկցող սոցիալական աշխատողի հետ՝ ապահովելով բիզնես և սոցիալական աջակցության բաղադրիչների փոխլրացնող բնույթը։ Մասնավորապես, քոուչը/մենթորը պետք է՝
    • պարբերաբար փոխանակի տեղեկատվություն սոցիալական աշխատողի հետ շահառուի բիզնես ծրագրի իրականացման ընթացքի և արձանագրված դժվարությունների վերաբերյալ,
    • սոցիալական աշխատողի հետ քննարկի այն խնդիրները, որոնց լուծումը դուրս է բիզնես քոուչինգի շրջանակից, սակայն պահանջում է լրացուցիչ աջակցություն,
    • անհրաժեշտության դեպքում մասնակցի շահառուի վերաբերյալ համատեղ քննարկումներին,
    • ծրագրի թիմին ներկայացնի այն դեպքերը, երբ առկա խնդիրները կարող են էականորեն ազդել բիզնես պլանի իրականացման վրա։
  • Յուրաքանչյուր ամիս՝ բիզնես քոուչը պետք է ամսական առնվազն մեկ հանդիպում ունենա Կենտրոնի սոցիալական աշխատողների հետ՝ առցանց կամ առկա ձևաչափով։
  1. Աշխատանքների իրականացման ձևաչափը

Յուրաքանչյուր շահառուի համար բիզնես քոուչը/մենթորը պետք է ապահովի՝

  • առնվազն մեկ առկա այց յուրաքանչյուր ամիս՝ շահառուի բիզնես գործունեության իրականացման վայրում,
  • այցերի միջև ընկած ժամանակահատվածում՝ ըստ շահառուի կարիքի, հեռավար/առցանց խորհրդատվություն հեռախոսով, տեսազանգով կամ հաղորդակցության այլ հասանելի միջոցներով։

Յուրաքանչյուր այցի և առցանց խորհրդատվության արդյունքները պետք է համառոտ փաստաթղթավորվեն՝ ներառելով քննարկված հիմնական հարցերը, արձանագրված խնդիրները, տրամադրված առաջարկությունները և համաձայնեցված հետագա քայլերը։

  1. Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը

Բիզնես քոուչինգի և մենթորական աջակցության ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2026 թվականի 15 հոկտեմբեր - 30 դեկտեմբեր, 2026:

Յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է առնվազն մեկ առկա այց յուրաքանչյուր ամսվա ընթացքում և շարունակական հեռավար խորհրդատվության հասանելիություն՝ ըստ առաջացող կարիքների։

Աշխատանքների կոնկրետ ժամանակացույցը համաձայնեցվելու է ծրագրի թիմի հետ։

  1. Լոտեր և շահառուների նախատեսվող քանակ

Առաջադրանքը բաժանված է հետևյալ լոտերի․

Լոտ №

Աշխարհագրական տարածք

Նախատեսվող շահառուների թիվ

Լոտ 1

Արմավիր խոշորացված համայնք

13

Լոտ 2

Վաղարշապատ խոշորացված համայնք

13

Լոտ 3

Մասիս խոշորացված համայնք

28

Լոտ 4

Գորիս խոշորացված համայնք

10

Լոտ 5

Աշտարակ խոշորացված համայնք

11

Լոտ 6

Աբովյան խոշորացված համայնք

28

Նշված շահառուների թվերը ծրագրի իրականացման ընթացքից ելնելով կարող են փոփոխվել մինչև ±20%-ի սահմաններում։

Դիմորդները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի լոտերի համար։ Մեկից ավելի լոտերի համար դիմելու դեպքում դիմորդը պետք է հիմնավորի համապատասխան աշխարհագրական տարածքներում աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական և ժամանակային կարողությունների առկայությունը։

Ծառայությունների մատուցումը պետք է իրականացվի երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00-18:00-ն։

ՀՍԱԱ-ն կարող է տարբեր լոտերի համար ընտրել տարբեր բիզնես քոուչների/մենթորների։

  1. Ակնկալվող արդյունքներ

Առաջադրանքի իրականացման արդյունքում ակնկալվում է՝

  1. Յուրաքանչյուր շահառուի համար ամսական առնվազն մեկ առկա այց։
  2. Շահառուների կարիքներին համապատասխան տրամադրված շարունակական հեռավար/առցանց խորհրդատվություն։
  3. Բիզնես պլանների իրականացման առաջընթացի պարբերական մոնիթորինգ և փաստաթղթավորում։
  4. Բիզնեսի մեկնարկի և գործունեության ընթացքում բացահայտված խնդիրների և ռիսկերի վերաբերյալ տրամադրված գործնական խորհրդատվություն։
  5. Սոցիալական աշխատողների և ծրագրի թիմի հետ աշխատանքների համակարգում և համատեղ աշխատանք։
  6. Ամսական և ավարտական ամփոփ հաշվետվությունների ներկայացում՝ իրականացված աշխատանքների, յուրաքանչյուր շահառուի առաջընթացի, հիմնական խնդիրների, ռիսկերի և տրամադրված աջակցության վերաբերյալ։
  7. Շահառուների կողմից հաստատված բիզնես պլանների արդյունավետ իրականացում և ծրագրի ավարտին մեկնարկած բիզնեսների կայուն գործունեության համար անհրաժեշտ կարողությունների և նախադրյալների ձևավորում։

 

  1. Հաշվետվողականություն
  • Բիզնես քոուչը/մենթորը հաշվետու է Ծրագրի ղեկավարին և/կամ ծրագրի կողմից նշանակված պատասխանատու համակարգողին։
  • Քոուչը/մենթորը պարտավոր է վարել իրեն կցված յուրաքանչյուր շահառուի հետ իրականացված աշխատանքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթավորումը և սահմանված պարբերականությամբ ներկայացնել ծրագրի թիմին։
  • Հաշվետվությունները պետք է հնարավորություն տան հետևելու ոչ միայն իրականացված այցերի և խորհրդատվությունների քանակին, այլև յուրաքանչյուր բիզնես պլանի իրականացման փաստացի առաջընթացին, արձանագրված խնդիրներին, տրամադրված խորհրդատվությանը և համաձայնեցված հետագա քայլերին։
  1. Պահանջվող որակավորումներ

Դիմորդը պետք է ունենա՝

  • բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի, սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտներում,
  • առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ ձեռնարկատիրության զարգացման, բիզնես խորհրդատվության, բիզնես քոուչինգի կամ հարակից ոլորտում,
  • փոքր և միկրոբիզնեսների ստեղծման և զարգացման գործընթացների վերաբերյալ գործնական գիտելիքներ,
  • բիզնես պլանների մշակման և իրականացման ուղեկցման փորձ,
  • խոցելի խմբերի, տեղահանված անձանց և/կամ սոցիալ-տնտեսական հզորացման ծրագրերի շահառուների հետ անհատական աշխատանքի փորձ։

Հայտերի ներկայացման կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ինքնակենսագրություն՝ համապատասխան կրթության և մասնագիտական փորձի նկարագրությամբ,

  • գնառաջարկ՝ առկա և հեռավար/առցանց խորհրդատվության մեկ ժամի արժեքների առանձին նշմամբ` համաձայն ձևաթղթի։

  • աշխատանքների իրականացման առաջարկվող մեթոդաբանություն, այդ թվում տեղեկություն այն լոտի կամ լոտերի մասին, որոնց համար ներկայացվում է հայտը։ Մի քանի լոտերի դեպքում՝ աշխատանքների իրականացման կարողությունների համառոտ հիմնավորում։

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլհասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Բիզնես քոուչ/մենթոր — Լոտ № …»։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 11-ն է։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին