Դասընթացավարի աշխատանքի մրցույթ
22.05.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՐԱՅԶ - ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի շրջանակում հրավիրում է Սոցիալական աշխատանքի և սոցիալական պաշտպանության թեմաներով դասընթացավարների դիմելու AASW-RISE-006/26 մրցույթին:
Մրցույթի համար՝ AASW-RISE-006/26
Պաշտոնը՝ դասընթացավար
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024- Օգոստոս 2027
Հաշվետու է՝ Ծրագրի ղեկավարին
Գործողության սկիզբ՝ 10/06/2026
Գործողության ավարտ՝ 30/07/2026
1․ Բովանդակությունը և նպատակը՝
Դասընթացավարի կողմից իրականացվող աշխատանքը նպատակ ունի ապահովել ծրագրի շրջանակում սոցիալական ոլորտի մասնագետների համար իրականցվող կարողությունների զարգացման դասընթացների բովանդակային մշակումը, իրականացումը և մասնակիցների մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը։
Դասընթացները նախատեսված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ՏԻՄ սոցիալական աշխատողների, միջսեկտորիալ համագործակցության մեջ ներգրավված մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, արցախցի սոցիալական աշխատողների և սոցիալական ծառայությունների ղեկավար անձնակազմի համար։
Դասընթացների ընթացքում պետք է կիրառվեն մեծահասակների կրթության և փորձառական ուսուցման մեթոդներ՝ ներառյալ ինտերակտիվ դասախոսություններ, դեպքերի քննարկումներ, սիմուլյացիոն և դերային վարժանքներ, խմբային աշխատանքներ, ռեֆլեքսիվ քննարկումներ և գործնական առաջադրանքներ։
2․ Դասընթացավարի աշխատանքային պարտականությունները
Մաս 1․ Դասընթացի բովանդակային մշակում
- Մշակել դասընթացի մանրամասն օրակարգը՝ համապատասխանեցնելով այն թիրախ խմբի կրթական կարիքներին, մասնագիտական փորձառությանը և մեծահասակների ուսուցման մեթոդաբանությանը։
- Մշակել դասընթացի թեմատիկ բովանդակությունը, ներառյալ՝ ներկայացումներ, աշխատանքային նյութեր, ուղեցույցներ և կիրառական գործիքներ։
- Մշակել դասընթացի ընթացքում կիրառվող վարժանքների, դերային խաղերի, խմբային քննարկումների և սիմուլյացիոն առաջադրանքների նկարագրությունները։
- Մշակել կրթական նպատակներով կիրառվող սոցիալական դեպքերի պատմություններ, իրավիճակային օրինակներ և գործնական սցենարներ։
- Ապահովել դասընթացի բովանդակության համապատասխանությունը սոցիալական աշխատանքի մասնագիտական և էթիկական սկզբունքներին։
- Ըստ անհրաժեշտության վերանայել և հարմարեցնել դասընթացի նյութերը՝ ելնելով մասնակիցների կարիքներից և ընթացիկ քննարկումներից։
Մաս 2․ Դասընթացների իրականացում (նախատեսվում է զույգով)
- Վարել դասընթացները՝ ապահովելով դրանց ինտերակտիվ, մասնակցային և անվտանգ ուսումնական միջավայրը։
- Ներկայացնել ինտերակտիվ դասախոսություններ՝ ըստ հաստատված օրակարգի։
- Կազմակերպել և վարել խմբային աշխատանքներ, դեպքերի քննարկումներ, սիմուլյացիոն և դերային վարժանքներ։
- Խթանել մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը, փորձի փոխանակումը և ռեֆլեքսիվ քննարկումները։
- Հաշվի առնել մասնակիցների առանձնահատուկ կրթական և մասնագիտական կարիքները։
- Ապահովել մասնագիտական հաղորդակցման, էթիկական աշխատանքի և համագործակցային մոտեցումների խթանումը դասընթացի ընթացքում։
Մաս 3․ Գնահատում և հետադարձ կապ
- Կազմակերպել մասնակիցների ակնկալիքների, կրթական կարիքների և հետադարձ կապի հավաքագրումը։
- Աջակցել դասընթացների գնահատման գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ։
- Դասընթացից հետո ներկայացնել համառոտ հաշվետվություն՝ ներառյալ իրականացված աշխատանքները, հիմնական արդյունքները, մարտահրավերները և առաջարկությունները։
- Դասընթացների թեմատիկ շրջանակը.
Ծրագրի շրջանակում նախատեսվում են երկօրյա դասընթացներ, որոնք ներառում են սոցիալական աշխատանքի, սոցիալական պաշտպանության, միջսեկտորիալ համագործակցության և մասնագիտական դիմակայունության հետ կապված հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ ըստ թիրախ խմբերի:
1) Արցախցի սոցիալական աշխատողներ
- Վստահության վրա հիմնված հաղորդակցում սոցիալական աշխատանքում,
- Ակտիվ լսում և խորհրդատվական հաղորդակցման հմտություններ,
- Ռեֆլեքսիվ մոտեցումներ և մասնագիտական ինքնագիտակցություն,
- Մասնագիտական սահմաններ և էթիկական երկընտրանքներ,
- Մասնագիտական հուզական ծանրաբեռնվածության և երկրորդային տրավմայի կառավարում,
- Ինքնախնամքի և մասնագիտական դիմակայունության գործիքներ։
2) ՄՍԾ Տարածքային կենտրոնների և համայնքային սոցիալական աշխատողներ
- Սոցիալական աշխատանքի մասնագիտական մտածողություն,
- Սոցիալական ռիսկերի ճանաչում և գնահատում,
- Ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման ռազմավարություններ,
- Մասնագիտական սահմաններ և էթիկական որոշումների կայացում,
- Սոցիալական աշխատանքում սթորիթելինգի կիրառություն:
3)Ինտերսեկտորիալ խմբեր
- Միջսեկտորիալ համագործակցության գործնական մեխանիզմներ,
- Ուղղորդումների համակարգ և դեպքի փոխանցման գործընթացներ,
- Համագործակցության խզումների և համակարգային բացերի վերլուծություն,
- Դեպքի բազմաոլորտային միջամտություն,
- Համայնքային ռեսուրսների և աջակցության ցանցերի գնահատում,
- Համագործակցության հորիզոնական մոդելներ:
4) ՀԿ ներկայացուցիչներ
- Սոցիալական ռիսկերի ճանաչում և համայնքային արձագանք,
- Խոցելի խմբերի պաշտպանության մոտեցումներ,
- Համայնքային աջակցության և ուղղորդման մեխանիզմներ,
- Միջսեկտորիալ համագործակցություն և դեպքի համակարգում,
- Էթիկական աշխատանք և շահառուի անվտանգ ներկայացում,
- Հաղորդակցման և շահառուակենտրոն մոտեցումներ:
5) Ծառայությունների ղեկավարներ
- Սոցիալական պաշտպանության համակարգում առաջնորդություն և որոշումների կայացում,
- Միջգերատեսչական և միջսեկտորիալ համակարգման ռազմավարություններ,
- Ծառայությունների կազմակերպում և կառավարման մոտեցումներ,
- Համակարգային համագործակցության և ուղղորդումների քաղաքականություններ,
- Կառավարման պատասխանատվությունը սոցիալական պաշտպանության ոլորտում։
4․ Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության բնագավառում (մագիստրոսի աստիճանը՝ առավելություն),
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում։
- Սոցիալական ծառայությունների մասնագետների համար դասընթացների մշակման և վարման փորձ։
- Սոցիալական պաշտպանության ոլորտի, սոցիալական աշխատանքի սկզբունքների և էթիկական չափանիշների իմացություն։
- Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն՝
- Ինքնակենսագրական (CV),
- Տեխնիկական առաջարկ՝ ներկայացնելով դասընթացների վարման և ուսուցման մոտեցումները,
- Ֆինանսական առաջարկ՝ դասընթացի մեկ ամբողջ օրվա արժեք։
Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Դասընթացավար»։
Դիմելու վերջնաժամկետը 5 հունիսի, 2026 թ.:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
