Փորձագիտական ծառայությունների տրամադրման մրցույթի հրավեր
20.05.2025
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող փորձագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի և Շիրակի մարզերի ՄՍԾ ՏԿ-ում սոցիալական աշխատողի քոուչինգի ծառայությունների մատուցում AASW-RISE-003/25 - Լոտ 1 Բաց մրցույթին:
Մրցույթի համար - AASW-RISE-003/25 - Լոտ 1
Պաշտոնը՝ Քոուչինգ իրականացնող մասնագետ
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027
Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրեր՝ Արագածոտնի և Շիրակի մարզեր
Գործողության սկիզբ՝ 01/06/2025 Գործողության ավարտ՝ 01/08/2026 (ընդհանուր 14 ամիս՝ պայմանագրի հնարավոր երկարաձգմամբ)
1․ Բովանդակությունը և նպատակը։
Քոուչինգ իրականացնող մասնագետի կողմից կատարվող միջամտությունը նպատակ ունի նպաստել Արագածոտնի և Շիրակի մարզերի Միասնական սոցիալական ծառայության ինը տարածքային կենտրոնների (Արագածոտն՝ 4 ՏԿ, Շիրակ՝ 6 ՏԿ) մասնագետների (պրակտիկ սոցիալական աշխատողներ կամ նրա գործառույթների կատարման համար նշանակված մասնագետներ) մասնագիտական գիտելիքների և հմտությունների աճին՝ անմիջապես աշխատավայրում «գործնական ուսուցման[1]» միջոցով` իրականացնելով նշված մարզերի յուրաքանչյուր ՏԿ-ի սոցիալական աշխատողի կամ պարապրոֆեսիոնալի հետ մեկ ամսում միջինում 4 քոչինգի սեսիա։
2․ Ընդհանուր պահանջները։
Քոուչինգի իրականացման ձևաչափը. Քոուչինգային հանդիպումներն իրականացվում են հետևյալ փոխլրացնող ձևաչափերով.
- առցանց և առկա հանդիպումներ,
- անհատական և խմբային խորհրդատվություն[2]։
Առցանց և առկա հանդիպումները հաջորդում են միմյանց` իրագործելու աշխատանքային պլանը, որը մշակված է կոնկրետ կցված սոցիալական աշխատողի մասնագիտական զարգացման կարիքների հիմքով։ Յուրաքանչյուր հանդիպում ունի սահմանված նպատակ և ակնկալվող արդյունքներ:
Քոուչինգ իրականացնող մասնագետը կցված է և աշխատում է կոնկրետ սոցիալական աշխատող(ներ)ի հետ՝ ըստ ՄՍԾ-ի հետ նախապես համաձայնեցված ցանկի: Քոուչը պատասխանատվություն է կրում իրեն կցված մասնագետների հետ բազմակողմանի աշխատանքի համար, որը ներառում է պրակտիկ գիտելիքների փոխանցում, հետադարձ կապի պահպանում, դրական ուղեկցում և անմիջական մասնակցություն բարդացած իրավիճակներում, խնդիրների համատեքստին առնչվող տեղեկատվության փոխանցում, ռեֆլեքսիայի խթանում՝ հարցադրումների, ուղղորդող հարցերի և մտավոր քարտեզագրման տեխնիկաների կիրառմամբ, արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտությունների գործարկում՝ «թիկունքային» աջակցությամբ, ինքնախնամքի հմտությունների ուսուցմամբ:
Մինչ աշխատանքի մեկնարկը յուրաքանչյուր քոուչինգ իրականացնող մասնագետ կատարում է իրեն կցված սոցիալական աշխատողի մասնագիտական զարգացման կարիքների գնահատում և համատեղ մշակում ենթադրվող միջամտությունների շրջանակը, որը հաստատվում է սուպերվիզորի կողմից։
Քոուչինգային հանդիպումներն իրականացվում են համաձայն սոցիալական աշխատողի հետ նախապես համաձայնեցված և համակարգողի կողմից հաստատված աշխատանքային պլանի։ Աշխատանքային պլանը ներառում է պլանավորված գործողությունները, իրականացման ժամկետները, տևողությունը, նպատակը և ակնկլավող արդյունքները:
Հանդիպումների ժամանակացույցը և անելիքները համաձայնեցվում են յուրաքանչյուր ամիս՝ համակարգողի հետ, հաջորդ ամսվա համար, որի հիման վրա քոուչինգ իրականացնող մասնագետի կողմից էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկվում իրեն կցված մասնագետին` ներառելով պատճենում իր սուպերվիզորին/համակարգողին և տեղեկացնում պլանների և ժամանակացույցի վերաբերյալ։
Քոուչինգի գործընթացի, դրա արդյունքների և մարտահրավերների մասին կազմվում և ներկայացվում են ամսական հաշվետվություններ:
3․ Քոուչինգ իրականացման մասնագետի աշխատանքային պարտականությունները
Մաս 1. Աջակցություն և ուղղորդում.
- Աջակցել քոուչինգ ստացող մասնագետին ընդունել շահառուի կարիքների և ռեսուրսների համաժամանակյա գնահատման կարևորությունը:
- Մասնագետին տրամադրել շահառուի սոցիալական հիմնախնդիրների մեկնաբանություն՝ պատճառահետևանքային գործոնների վերլուծությամբ:
- Մասնագետին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և պատկերացումներ դեպքի քննարկման պլանավորման, իրականացման ու ամփոփման մասին, որպես ամբողջական գործընթաց:
- Աջակցել քոուչինգ ստացող մասնագետին՝ դեպքի կառավարման՝ որպես համալիր գործընթացի, մասին պատկերացումների զարգացմանը:
Մաս 2. Հմտությունների զարգացում.
- Քոուչինգ ստացող մասնագետներին օգնել իրականացնելու շահառուի կարիքների և ռեսուրսների գնահատում, այդ թվում համատեղ տունայցի իրականացում:
- Օգնել զարգացնել սոցիալական խորհրդատվության տրամադրման հմտությունները՝ այդ թվում իրականացնել ուղեկցվող խորհրդատվություն (sandwich method[3]):
- Աջակցություն միջամտության պլանավորմանը, այդ թվում ըստ շահառուների իրավիճակի ռիսկայնության՝ ռիսկի արձագանքման գործողությունների պլանի մշակումը, շահառուի սոցիալական հիմնախնդիրների առաջնահերթությունների սահմանումը, աշխատանքային օրվա պլանի կազմումը՝ ըստ շահառուների իրավիճակներին արձագանքման հրատապության, ռեսուրսների քարտեզագրման և նոր ռեսուրսների հայտնաբերման ու մոբիլիզացման, ինչպես նաև շահառուի շահերի պաշտպանության ուղղությամբ գործողությունների իրականացման և այլն,
- Օգնել մասնագետներին նախապատրաստելու և իրականացնելու շահառուի դեպքի քննարկման գործընթացը (նախապատրաստական բանակցությունների վարումը, քննարկման իրականացումը և ուղեկցումը, քննարկման ամփոփումը, շահառուի ներգրավմանն առնչվող էթիկական խնդիրների քննարկումը, որոշումների կայացումը, քննարկման ամփոփումը, քննարկման մասնակիցներին հետադարձ կապի տրամադրումը և փաստաթղթավորումը):
- Օգնել մասնագետին աջակցող ցանցի ձևավորման և ցանցի անդամների մասնակցության խթանման ուղղությամբ (ցանցային համագործակցության առանձին և խմբային հանդիպումների կազմակերպում, այդ թվում այցեր համայնքում գործող այլ սոցիալական ծառայություններ՝ հորիզոնական մակարդակում այլ գերատեսչությունների և ոչ պետական կառույցների հետ կապերի և փոխվստահող ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության հաստատման, բանակցությունների վարման, նրանց տեսակետները, շահերը և մոտիվացիան հասկանալու հմտությունների զարգացման, շահառուի խնդրի շուրջ համաձայնությունների ձեռքբերման նպատակներով):
- Օգնել մասնագետին սոցիալական գործի գրագետ փաստաթղթավորման հարցում՝ համաձայն ՀՀ ԱՍՀ նախարարի կողմից հաստատված դեպքի վարման փաթեթի:
Մաս 3. Հուզական աջակցություն
- Նախաձեռնել և կազմակերպել սոցիալական աշխատողների համար ինքնախնամքի անհատական և խմբային հանդիպումներ։
- Բարդացած, կոնֆլիկտային իրավիճակներում մասնագետին ցուցաբերել առաջնային հոգեբանական աջակցություն՝ թե շահառուի, թե գործընկերների հետ փոխհարաբերությունների առնչությամբ:
- Օգնել մասնագետներին զարգացնելու աշխատանքային սթրեսի կառավարման հմտությունները:
- Օգնել մասնագետներին զարգացնել երկրորդային տրավմայի կառավարման տեխնիկաները:
Մաս 4. Ռեֆլեքսիվ պրակտիկայի ապահովում
- Օգնել մասնագետին զարգացնել մասնագիտական նախաձեռնողականության և առաջնորդության հմտությունները:
- Օգնել մասնագետին կարողանալ վերլուծել շահառուների և գործընկերների հետ փոխհարաբերություններում տեղ գտած կոնֆլիկտային միջադեպերը՝ վերլուծության տարբեր տեխնիկաների կիրառմամբ:
- Օգնել մասնագետներին զարգացնելու ռեֆլեքսիվ հարցադրումներ, ուղղորդող հարցեր տալու կարողությունները:
Մաս 5. Էթիկական չափանիշների պահպանում
- Օգնել մասնագետներին՝ զարգացնելու ռեֆլեքսիվ դատողությունները, այդ թվում էթիկապես ընդունելի և մշակութային տեսանկյունից զգայուն որոշումների կայացման, շահառուների հետ աշխատանքում էթիկական, այդ թվում գաղտնիության պահպանման, սկզբունքների կիրառման հարցերում:
- Օգնել մասնագետներին զարգացնելու կողմերի հետ համագործակցային, ոչ կողմնակալ և համաչափ համագործակցության հաստատման և պահպանման սկզբունքները,
- Աջակցել մասնագետներին էթիկական երկընտրանքների պարագայում շահառուի շահի հիման վրա որոշումների կայացման հարցում:
- Աջակցել մասնագետներին անձնական և մասնագիտական արժեքների միջև հակասությունների հաղթահարման գործում՝ փոխանցելով անհրաժեշտ ռազմավարություններ:
4․ Սոցիալական աշխատողի քոուչին առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
Պարտադիր պահանջներ.
- «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, առնվազն բակալավրի որակավորմամբ, մագիստրոսի որակավորումն առավելություն է:
- Սոցիալական աշխատանքի ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ:
- Սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներին, ոլորտի իրավական դաշտին տեղեկացված լինելը:
- Մասնակցություն Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և CFECECAS (Սոցիալական աշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացման կենտրոն)-ի կողմից կազմակերպված Սոցիալական աշխատողների քոուչների և սուպերվիզորների լիցենզավորման դասընթացին:
Առավելություն տվող պահանջներ.
- Անդամակցությունը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային առավելություն է:
- Դասավանդման, սուպերվիզիայի և քոուչինգի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Մասնակցությունը մասնագիտական համաժողովներին և գիտաժողովներին կդիտարկվի որպես առավելություն:
5․ Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ մինչև ս/թ հունիսի 3-ը ներառյալ՝
• Ինքակենսագրական (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձը և որակավորումները։
• Տեխնիկական առաջարկ՝ նկարագրելով քոչինգ իրականացնող մասնագետի աշխատանքի մոտեցումը
• Ֆինանսական առաջարկ՝ վերոնշյալ աշխատանքի պարտականության ծախսերի մանրամասն նկարագրություն։
Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org հասցեին՝ հստակ նշելով՝ ԼՈՏ 1, և որ մարզի որ ՄՍԾՏԿ(ների)ի համար է լրացվում հայտը (կարող է լրացվել մի քանի ՄՍԾՏԿ-ների մասով)
[1] “Learning by doing” Method.
[2] Քոուչինգը հիմնականում կենտրոնացած է անհատական ձևաչափով աջակցության տրամադրման մեթոդի վրա, սակայն մասնագետների շրջանում ընդհանրական պատկերացումների և մոտեցումների ձևավորման նպատակով կարող է կիրառվել նաև խմբային խորհրդատվության ձևաչափը:
[3] Sandwich Method - Ուսուցում – Համատեղ փորձարկում – Ինքնուրույն փորձարկում՝ Դիտարկմամբ – Ռեֆլեքսիա – Ինքնուրույն փորձարկում – Ամրապնդում:
Հայտարարություններ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ