ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ
05.03.2019
ՕՐԵՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Սոցիալական աշխատողի գործառույթներին նման գործառույթներ իրականացնողների հզոր բանակ կա Հայաստանում. ՍԱՏԳ/Բ-ների, Զբաղվածություն, Երեխաների պաշտպանության բաժիններ, այժմ արդեն նաև` համայնքային սոցիալական աշխատողներ, մանկատների, ցերեկային կենտրոների, ծերանոցների, վերականգնողական կենտրոնների և ոչ պետական բազմաթիվ ծառայությունների աշխատակիցները: Ասոցիացիայի հաշվարկներով խոսքը գնում է մոտ 4.000 մարդու մասին ... Մեծ բանակ է, իսկապես մեծ:
Շատերը ոլորտի նվիրյալներ են, պատրաստ փոփոխությունների, պատրաստ սովորելու և մարտահրավերները հաղթահարելու: Ոմանք պատահական անցորդներ են ոլորտում, իրենցը չէ, որևէ մասնագիտական մոտիվացիա չունեն այդտեղ գործելու, մի զգալի մասն էլ չի պատկերացնում, թե ի՞նչ կարելի է անել այս կերպ և ինչն՝ այլ կերպ...
Առաջին խումբը փոփոխություն է ուզում, կանոնակարգված դաշտ, պաշտպանված և ճանաչված, մասնագիտական ազատություն և անձնական պատասխանատվություն, ինչը սոցիալական աշխատանքի ողնաշարն է...
Երկրորդ խումբը առաջին իսկ հնարավորության կամ ճնշման պարագայում կթողնի ոլորտը, մեկ այլ տեղում համեղ պատառ որոնելու ակնկալիքով, իսկ երրորդ խումբը... հասկանալու կարիք ունի, թե ինքը ինչ ոլորտում է աշխատում, ինչպես ինքը ի վիճակի լինի հարգանքով ու հավատով վերաբերվել մարդկանց, ով աղքատությունից ու աղքատության մշակույթից է տառապում, ով իր կյանքի ձախողումներից ինքնուրույնաբար գլուխ չի հանում... Երրրորդ խումբը կարիք ունի հասկանալու` ինքն ու՞նի այդ դրական էներգիան փոխանցելու այդ մարդկանց, ունի այդ շփման արվեստը, էթիկական արժեհամակարգը, ինքը ի վիճակի է արդյո՞ք սեփական հոգսերից կտրվել, երբ գործ ունի ուրիշի հոգսերի հետ... Այլ խոսքով, այս մարդիկ կարիք ունեն յուրացնելու մասնագիտության ոչ միայն տառն ու կանոնը, այլ նաև ոգին կամ էլ հասկանալ, որ դա իրենցը չէ...
Կարծես թե այս ամենն այնպեեես համահունչ է դրական փոփոխությունների ներկա հոսքին կամ դրան ուղղված ջանքերին: Ոլորտը այլևս չի կարող չպրոֆեսիոնալիզացվել, այլևս տեղ չունենք և ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ հապաղելու...
Դրա համար մեզ նախ և առաջ օրենք է պետք. ՕՐԵՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ: Մենք առաջինն ենք սկսել, դարձյալ, խոսել ոլորտի աշխատուժի կանոնակարգման անհրաժեշտության մասին, առաջինն ենք պատրաստվել, սակայն դեռ չունենք այդ օրենքը, (հառաչանքով պետք է ասեմ, որ արդեն ուրիշներն ունեն, ինչևէ...):
Օրենքից կբխեն պրոֆեսիոնալիզացիայի համար անհրաժեշտ իրավական ակտերը, գործողությունները, ժամկետները: Աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան կարճաժամկետ ակցիա չէ, անշուշտ, բայց ոլորտի կանոնակարգված չլինելու պատճառով, այսօր, բազմաթիվ (ցավոք սրտի ոլորտին չսազող, իրենց վարքով ու բարքով սոցիալական բառն անգամ արատավորող) մարդկանց փոխարեն շարունակում են ոլորտ մտնել դարձյալ առանց կրթության, առանց պատրաստվածության մարդիկ, այսինքն, իրոք տեղապտույտ է և երբեք չի վերջանա այս տեղապտույտը, եթե օր առաջ չկանոնակարգենք, աշխատուժին առաջադրվող պահանջները չհստակեցնենք...
Մարտը սոցիալական աշխատանքի համար յուրահատուկ ամիս է:
Թեման կշարունակենք ծավալել «Սոցիալական աշխատանքի շաբաթվա» ընթացքում՝ մարտի 18-22-ին։
Հայտարարությունները շուտով հասանելի կլինեն Ասոցիացիացիայի պաշտոնական վեբկայքում և ֆեյսբուքյան էջում։
Հեղինակ՝ Մ․ Անտոնյան, ՀՍԱԱ նախագահ