Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Մագդա Գասպարյանի հետ. Սոցիալական աշխատողից մինչեւ սոցիալական ծառայության ղեկավար

24.02.2023

Սոցիալական աշխատողի մասնագիտական աճի հեռանկարները Հայաստանում: Ներկայացնում ենք պատմություններն այն մասնագետների, ովքեր այսօր գործում են որպես սոցիալական ծառայության ղեկավար:

Հարցազրույց ՄՍԾ Կենտրոն եւ Նորք Մարաշի տարածքային կենտրոնի տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի խորհրդի անդամ Մագդա Գասպարյանի հետ

Ի՞նչ է Ձեզ համար սոցիալական աշխատանքը։
- Ինձ համար այն արվեստ է, քանի որ մասնագետն ամեն ինչ անում է, որ մարդու կյանքի որակը
փոփոխության ենթարկվի։ Մարդուն սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելն ու սոցիալական հմտությունների տրամադրումը ոչ այլ ինչ է, քան հենց արվեստ, կյանքի ոճ եւ ապրելակերպ։ Ամենամարդասեր մասնագիտությունն է ինձ համար, որ փորձում է, իմ պարագայում, պետության եւ շահառուի լավագույն շահը վեր հանել եւ ստեղծել փոխշահավետ իրավիճակ։ Ես միշտ ասում եմ, որ սոցիալական աշխատող նախ ծնվում են, ապա ուսանում, այն պետք է լինի անհատի արյան մեջ, որպիսի հետագայում կարողանա զարգանալ որպես մասնագետ։
     Մի փոքր կպատմեք Ձեր անցած ճանապարհի մասին, ինչպե՞ս ստացվեց որ հայտնվեցիք ոլորտում եւ մասնագիտացաք հենց սոցիալական աշխատանքում։

- Սոցիալական աշխատող դառնալու որոշումը կայացրել եմ գիտակցաբար։ Դա առաջին տարին էր, երբ ԵՊՀ-ում սոցիալական աշխատանք մասնագիտությամբ ընդունելություն էր կազմակերպվում։ Դիմումը ներկայացնելիս աշխատակիցը բավականին մանրակրկիտ ինձ ներկայացրեց մասնագիտությունը։ Միեւնույն ժամանակ տատիկս, ով պատերազմի տարիներին ամբողջ գյուղին փորձում էր օգնության հասնել, մշտապես ինձ համար «աջակցող մարդու» օրինակ է ծառայել։ Հետագայում ուսումս շարունակեցի նաեւ մագիստրատուրայում։ Այդ ժամանակահատվածում, մասնագիտական գրականության սղության պայմաններում, այնուամենայնիվ, ես սերտեցի սոցիալական աշխատանքը եւ կայացա որպես մասնագետ։ Սկզբական շրջանում աշխատում էի կրկին պետական ոլորտում եւ չնայած նրան, որ աշխատանքի բնույթը հենց սոցիալական աշխատանքն էր, այդժամ դեռեւս մասնագիտությունը գտնվում էր կայացման փուլում։
   Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել Ձեր ճանապարհին։
- Աշխատանքիս առաջին տարիների ընթացքում կային խնդիրներ կապված մասնագիտության ընկալման հետ։ Հատկապես սոցիալական աշխատողի կրթություն չունեցող, բայց սոցիալական աշխատանքի հաստիք զբաղեցնող աշխատակիցները բավականին դժվարությամբ էին ընդունում սոցիալական աշխատանքի կրթություն ստացած երիտասարդ մասնագետներին։ Ղեկավար պաշտոն զբաղեցնողները եւս հաճախ մասնագիտության մասին շատ թյուր պատկերացումներ ունեին, ինչը, սկզբնական շրջանում բավականին բարդացնում էր աշխատանքը։ Վերջինս նման էր խիստ վարչարարության, տարիներ հետո այն աստիճանաբար վերածվեց բուն սոցիալական աշխատանքի. իրականացնում էի դեպքի վարում եւ յուրաքանչյուր ընտանիքի հաջողությունն ինձ համար ընկալում՝ որպես անձնական ձեռքբերում ու հաղթանակ։
Արդյո՞ք, սոցիալական աշխատողի եւ արդեն ղեկավարի աշխատանքային գործունեության մեջ տարբեր են սկզբունքների առաջնահերթությունները։ Այս առումով երբեւէ եղե՞լ է հակասություն, թե՞ ոչ։
- Որոշակի փոփոխություններն անխուսափելի են։ Ինձ համար կարեւորագույն սկզբունքը ազնվությունն է, ապա սերն աշխատանքի նկատմամբ, հարգանքը մասնագիտության նկատմամբ, վերջիններս ոչ մի պարագայում չեն կարող ենթարկվել փոփոխության։ Սեփական եսը երբեք վեր չդասելու հանգամանքը եւս արժեւորում եմ, այժմ շատ ավելի։ Շատ կարեւորում եմ պատասխանատվությունն աշխատանքում եւ դա ակնկալում եմ նաեւ իմ թիմի սոցիալական աշխատողներից։ Այժմ շատ ավելի հանդուրժող եմ սխալների նկատմամբ, որոնք կարող են թույլ տալ մեր կենտրոնի աշխատակիցները, քանի որ մշտապես նրանց հետ եմ եւ մշտապես փորձում եմ օգնել սխալները ուղղելու հարցում։ Ինձ համար թյուր կարծիք է, թե տնօրենը միայն վարչարար պետք է լինի, մշտապես տեղեկացված եմ լինում յուրաքանչյուր շահառուից եւ յուրքանչյուր դեպքի ընթացքից։ 

   Հայացք գցելով Ձեր անցած ուղուն որպես սոցիալական աշխատող, կվերհիշեք, թե ինչպիսի՞ փոփոխությունների կարիք ունեիք աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար եւ արդյոք հիմա, որպես ղեկավար փորձում եք դրանք իրականացնել։
- Հավասարություն պահպանելն ու ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելը, սա այն երեւույթներից մեկն է, որի կարիքը ես ունեի, երբ սոցիալական աշխատող էի։ Խոսքը նաեւ աշխատակիցների միջեւ հավասարության պահպանմանն է վերաբերում։ Աշխատում եմ այնպիսի գործելաոճով, որ մեր կենտրոնի բոլոր աշխատակիցները ունենան հավասար հնարավորություններ զարգանալու եւ կայանալու իրենց մասնագիտության մեջ։ Միեւնույն ժամանակ ռեսուրսների հայթայթման եւ տրամադրման հարցում եւս մշտապես աջակցում եմ նրանց, քանի որ դրանց կարիքը մշտապես ունեի իմ աշխատանքային գործունեության ընթացքում։
   Ո՞ր դերն է ձեզ համար շատ ավելի հոգեհարազատ. լինել սոցիալական աշխատող, թե՞ ծառայության ղեկավար։
- Այս պահի դրությամբ իմ կարգավիճակն ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ մշտապես ունեցել եմ կազմակերպչական եւ առաջնորդական հմտություններ եւ շնորհ։ Այս պաշտոնում ես ինձ ավելի արդյունավետ եմ համարում ոչ միայն աշխատանքի առումով, այլ նաեւ մասնագիտության զարգացման առումով, քանի որ կարծում եմ սոցիալական աշխատողները կայանալու համար պետք է ունենան սոցիալական մտածելակերպով եւ հենց կրթությամբ սոցիալական աշխատող ղեկավար։
   Ի՞նչ խորհուրդ կտաք դաշտ նոր մուտք գործող եւ արդեն իսկ կայացած սոցիալական աշխատողներին։
- Լինել մշտապես համբերատար, քանի որ մեր աշխատանքում դա խիստ անհրաժեշտություն է։ Փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում եւ դրանց ականատեսը լինելու համար անհրաժեշտ է առաջ գնալ դանդաղ, բայց հաստատուն քայլերով։

Հոդվածներ

Տեսնել ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին