Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մեր կենտրոնի շնորհիվ ողջ Արցախն է արդեն ճանաչում սոցիալական աշխատողներին

10.07.2023

ԱՀ Մարտունու սոցիալ-հոգեբանական կենտրոնի համակարգող Զարինե Պետրոսյանը պատմում է կենտրենի անհրաժեշտության և վերջինիս ներկայումս ծավալած գործունեության մասին

Մարտը մեզ համար խորհրդանշական ամիս է, քանի որ մեր կենտրոնը բացվել է 44 օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ մարտ ամսին։ Հիմնական նպատակն էր համայնքում ունենալ մասնագիտացված ծառայություններով հարուստ կենտրոն, որտեղ տարատեսակ խնդիրներ ու դժվարություններ ունեցող մարդիկ կկարողանային ստանալ համակարգված և բազմամասնագիտական աջակցություն։

Երբեմն մարդիկ պարզապես ունենում են իրազեկվածության խնդիր։ Օրինակ՝ ունեցել ենք դեպք, երբ հաշմանդամություն ունեցող ընտանիքը ուներ բոլոր ռեսուրսները ինքնուրույն հաղթահարելու սեփական խնդիրները, սակայն տեղյակ չէին, թե որտե՞ղ և ինչպե՞ս կարող են օգտագործել դրանք։ Այսպիսի դեպքերում սոցիալական աշխատողների նույնիսկ չնչին ներգրավվածությունը, արդեն իսկ դրական տեղաշարժի է հանգեցնում։

Կենտրոնում գործունեություն է ծավալում շուրջ 10 անդամից բաղկացած բազմամասնագիտական թիմ. սոցիալական աշխատողներ, հոգեբան և տարեցների հարցերով զբաղվող սոցիալական սպասարկում իրականացնող մասնագետ ։

Այս թիմի միջոցով պատերազմից ի վեր կարողացել ենք կարգավորել հարյուրավոր տեղահանված արցախցիների բնակարանային հարցերը։ Այդ բարդ շրջանում ոմանք տեղեկատվության, ոմանք՝ ինտեգրման, ոմանք էլ մի շարք այլ խնդիրներ ունեին, որոնց լուծում տալու դեպքում նրանք ոչ մի պարագայում չէին լքի Արցախը, և այդպես էլ եղավ։ 

Մեր կենտրոնի շնորհիվ կանոնավոր մասնագիտական աջակցություն է ստանում շուրջ 300 տեղահանված ընտանիք, 44 օրյա պատերազմի հետևանքով տարատեսակ ֆիզիկական և հոգեբանական խնդիրների առաջ կանգնած անձինքն, իրենց ընտանիքներում պատերազմի հետևանքով մարդկային կորուստներ կրած ընտանիքներ, ինչպես նաև համայնքում ապրող բոլոր այն բնակիչները, որոնք ինչ-որ փուլում սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք են ունենում: 

Արցախում ունեինք ընտանիքներ, որտեղ զարգացմանդժվարություններ ունեցող երեխաները երկար ժամանակ պարզապես փակված մնում էին տանը, նույնիսկ դպրոց չէին հաճախում։ Մեր սոցիալական աշխատողների միջամտությամբ նրանք արդեն վերականգնվել են կրթական համակարգում, շարունակում եմ հաճախել  մեր կենտրոն, ստանալ անհրաժեշըաջակցություն, որից հետո կվերադառնան իրենց կյանքի բնականոն հունին։ 

Մեր աշխատանքի մոդելը մշակվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից: Ընթացքում անցել են  բազմաթիվ դասընթացներ, մասնակցել  քննարկումների, որոնք օգնել են յուրացնել շահառուների կարիքների և ռեսուրսների գնահատման մեթոդաբանությունը, բնակիչներին աջակցելու սկզբունքները: Պետք է նաև նշեմ, որ ներկայումս, Արցախում պետական ոլորտում սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող կառույցները որոշումներ կայացնելիս մշտապես հիմնվում են մեր մեթոդաբանությամբ իրականացված գնահատումների և տրված եզրակացությունների վրա։

Պայմանավորված այն հանգամանքով, որ մեր շահառուները տարբեր թիրախային խմբերի ներկայացուցիչներ են, համագործակցությունները ևս տարատեսակ և լայն են։ Կարմի Խաչը, համայնքում և հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, դպրոցներ և մանկապարտեզներ․ բոլորի հետ սերտ առնչություն ենք ունենում։ Սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող բոլոր օղակների հետ միասին ենք վերհանում խնդիրներն ու փորձում համապատասխան ատյանների հետ աշխատանքի միջոցով լուծում տալ դրանց։ Համագործակցում ենք նաև Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ և մեր անձնակազմի մի մասն էլ  կամ՛ այնտեղ ուսանում, կամ՛ աշխատում են։

Մեր կենտրոնը Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքների մասն է կազմում քաղաքացիների սոցիալական կարիքների գնահատման և թիրախային գործունեություն իրականացնելու տեսանկյունից։ Նշեմ նաև, որ ամենակարևոր փաստերից է այն, որ մեր կենտրոնի շնորհիվ ողջ Արցախն է արդեն ճանաչում սոցիալական աշխատողներին, ինչը մեզ համար արդեն իսկ առաջընթաց է։


 

Հոդվածներ

Տեսնել ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին