Հրավեր - Մանկական հոգեբանի աշխատանքի մրցույթ
07.04.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մարալիկի սոցիալական տանը բնակվող երեխաների, դեռահասների և երիտասարդների համար հոգեբանի աշխատանքի համար թիվ AASW-RISE-003/26 - 4 մրցույթին
Պաշտոնը՝ Մանկական հոգեբան (Մարալիկի սոցիալական տուն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը՝ սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024 – Նոյեմբեր 2027
Հաշվետու է՝ Սուպերվիզորին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ ք․ Մարալիկ, Շիրակի մարզ (Մարալիկի սոցիալական տուն)
Գործողության սկիզբ՝ 01/05/2026
Գործողության ավարտ՝ 01/04/2027
1․ Բովանդակությունը և նպատակը
Հոգեբանի կողմից իրականացվող միջամտությունը նպատակ ունի նպաստել սոցիալական տան բնակիչների, մասնավորապես երեխաների, դեռահասների և երիտասարդների հոգեկան առողջության, հոգեհուզական կայունության և սոցիալական հարմարվողականության բարելավմանը՝ անհատական և խմբային հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։
Հոգեբանի հիմնական պարտականություններն ու պատասխանատվությունը ներառում են շահառուների, մասնավորապես, երեխաների, դեռահասների և երիտասարդների, հոգեբանական վիճակի գնահատումը, հոգեհուզական խնդիրների վաղ հայտնաբերումը, վարքային և հուզական դժվարությունների հաղթահարման աջակցությունը, ինչպես նաև խմբային աշխատանքների կազմակերպումը՝ նպաստելով նրանց սոցիալական ներառմանը և կյանքի որակի բարելավմանը։
Հոգեբանը պարտավոր է հարգել շահառուի մասին իրեն հասանելի դարձած տվյալների գաղտնիությունը, շահառուի արժանապատվությունը, առաջնորդվել շահառուի անհատական առանձնահատկություններով, ինչպես նաև համագործակցել շահառուի ընտանիքի անդամների և շահառուին աջակցող այլ մասնագետների հետ։
2․ Ընդհանուր պահանջները
Հոգեբանական ծառայության տրամադրման ձևաչափը․ Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են սոցիալական տան տարածքում՝ անհատական խորհրդատվությունների և խմբային հանդիպումների ձևաչափով։
Ծառայության տրամադրման մոտեցումը․ Հոգեբանը աշխատում է սոցիալական տան երեխաների, դեռահասների և երիտասարդների հետ՝ գնահատելով նրանց հոգեբանական և հոգեհուզական վիճակը։ Գնահատման արդյունքների հիման վրա մասնագիտական թիմի (սոցիալական աշխատող, բուժքույր և այլ մասնագետներ) հետ համատեղ պլանավորվում են անհրաժեշտ միջամտությունները և աջակցման ձևերը։ Իրականացվող միջամտությունները ենթակա են կանոնավոր վերանայման և քննարկման թիմային հանդիպումների ընթացքում՝ առնվազն ամսական մեկ անգամ։
Հոգեբանական ծառայությունները պետք է իրականացվեն այնպիսի մոտեցմամբ, որը նպաստում է շահառուների հոգեկան առողջության պահպանմանը, հուզական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև սոցիալական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։
3․ Հոգեբանի աշխատանքային պարտականությունները
3.1. Հոգեբանական գնահատում և խորհրդատվություն.
- Իրականացնել սոցիալական տանը բնակվող երեխաների, դեռահասների և երիտասարդների հոգեբանական վիճակի առաջնային և պարբերական գնահատում։
- Իրականացնել շահառուների ճանաչողական կարողությունների և հոգեկան առողջության առաջնային գնահատում։
- Տրամադրել անհատական հոգեբանական խորհրդատվություն՝ աջակցելով շահառուներին հաղթահարել հոգեհուզական դժվարությունները։
3.2. Հոգեհուզական աջակցության տրամադրում.
- Աշխատել կոնֆլիկտային իրավիճակների, բռնության փորձառությունների, կորստի և վշտի, դեպրեսիվ դրսևորումների, մոտիվացիայի նվազման և այլ հոգեբանական խնդիրների հետ։
- Աջակցել շահառուներին հուզական կայունության պահպանման և սոցիալական հարմարվողականության գործընթացում։
3.3. Վարքային խնդիրների գնահատում և ռիսկերի կառավարում.
- Աշխատել սոցիալական տանը բնակվող վարքային խնդիրներ ունեցող երեխաների, դեռահասների և երիտասարդների հետ։
- Գնահատել հնարավոր ռիսկերը, այդ թվում ինքնավնասման կամ ագրեսիվ վարքի դրսևորման հավանականությունը։
- Անհրաժեշտության դեպքում առաջարկել համապատասխան միջամտություններ կամ ուղղորդումներ մասնագիտացված ծառայությունների։
3.4. Խմբային աշխատանքների կազմակերպում
- Կազմակերպել և վարել խմբային հանդիպումներ և քննարկումներ սոցիալական տանը բնակվող երեխաների, դեռահասների և երիտասարդների հետ՝ հոգեհուզական թեմաների շուրջ։
- Նպաստել փոխաջակցության, հաղորդակցության և սոցիալական հմտությունների զարգացմանը շահառուների շրջանում։
3.5. Այլ գործառույթներ
- Կատարել կանոնավոր գրառումներ շահառուների հետ իրականացված աշխատանքի վերաբերյալ,
- Մասնակցել թիմային հանդիպումներին և դեպքերի քննարկումներին։
- Պահպանել շահառուների անվտանգության ապահովման բոլոր կանոնները և էթիկական սկզբունքները։
4․ Հոգեբանին առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները
- Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։
- Հոգեբանական խորհրդատվության կամ հոգեսոցիալական աջակցության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
- Խոցելի խմբերի (տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տեղահանված անձինք, մանկատան շրջանավարտներ կամ երեխաներ) հետ աշխատանքի առնվազն երկու տարվա փորձ:
Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը ուղարկեն procurement@aasw.org էլհասցեին, մինչև ս/թ ապրիլի 21-ը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.05.2026
Դասընթացավարի աշխատանքի մրցույթ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
